Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոժիչի հետ հանդիպման ժամանակ կրկին մի շարք կեղծ հայտարարություններ է արել Լաչինի միջանցքի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ վերջին ամիսների ընթացքում Լաչինի ճանապարհով ավելի քան 3000 մեքենա է անցել եւ այլ փաստեր, որեւէ հիմք չկա Հայաստանի այն պնդումների համար, թե Լաչինի ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից, հայ բնակիչների դեմ շրջափակում է կիրառվել եւ ստեղծվել է լարված մարդասիրական իրավիճակ:

Նշվել է նաեւ, որ դեռեւս 2022-ի դեկտեմբերին ադրբեջանական կողմը հայտարարել է անհրաժեշտության դեպքում տեղացի հայ բնակիչներին ուղղակիորեն կամ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ օգնելու պատրաստակամության մասին»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հաշվի առնելով այն փաստը, որ միայն ԿԽՄԿ միջնորդությամբ է հաջողվում Արցախից Հայաստանի բժշկական կենտրոններ հաշված թվով ծանր պացիենտներ ուղարկել, եւ Կարմիր խաչը հիանալի գիտի, թե ինչ է տեղի ունենում իրականում, հակառակի մասին ադրբեջանական կողմի պնդումներն առնվազն տարօրինակ են։

Հիշեցնենք նաեւ, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապաշրջափակել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը: