Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ տեղի կունենա մարտի 9-ին Բրյուսելում, տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Լավ է, որ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, ՆԱՏՕ-ն դրանով իսկ կտեսնի ամբողջ գործընթացը եւ պարտավորությունների կատարումն այդ երկրների (Շվեդիայի եւ Ֆինլանդիայի) կողմից։ Մշտական մեխանիզմի երրորդ նիստը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մասնակցությամբ տեղի կունենա մարտի 9-ին»,- տեղեկացրել է Չավուշօղլուն հունգարացի գործընկերոջ հետ երկուշաբթի Անկարայում կայացած ճեպազրույցում։
Ընթացիկ պահին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չի վավերացրել ընդամենը երկու երկիր 30-ից՝ Հունգարիան եւ Թուրքիան։ Սպասվում է, որ Թուրքիայի հետ բանակցությունները հյուսիսային երկրների հայտերի վավերացման մասին կվերսկսվեն առաջիկա շաբաթներին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը տեղեկացրել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ մարտի կեսին Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հանդիպման պայմանավորվածության մասին։ Ավելի վաղ ԱԳՆ-ի ղեկավար Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Անկարան վերսկսում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության եռակողմ մեխանիզմի գործադրումը, հերթական հանդիպումն սպասվում է Բրյուսելում։





























