Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27–ին, ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Կառավարությունից, վարչապետը կարեւորել է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների շարունակական զարգացումը եւ գոհունակությամբ նշել, որ երկկողմ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության զարգացման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Վարչապետը շեշտել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական եւ հետեւողական արձագանքի կարեւորությունը: Այդ առումով, կարեւորվել են նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի եւ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված երկու բանաձեւերն ու հնչեցված գնահատականները:
Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը:




























