Չինաստանը Հայաստանին անհատույց օգնություն կտրամադրի 100 մլն յուանի (ավելի քան 14,5 մլն դոլար) չափով: Այս մասին հունվարի 28-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար  Մնացական Սաֆարյանը։  

Օգնությունը, նրա խոսքով, կտրամադրվի վերոնշյալ համաձայնագրի վավերացումից հետո։ «Միջոցները կուղղվեն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման սրահի նախագծմանը եւ կառուցմանը եւ այլ համատեղ նախագծերի իրականացմանը»,-հստակեցրեց Սաֆարյանը։

Նա նաեւ նշեց, որ Երեւանի եւ Պեկինի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Ստորագրվել են ավելի քան 50 համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ։