Ղազախստանը, Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում, ՌԴ-ի կողմից ռիսկեր կամ սպառնալիքներ չի տեսնում, ասել է փոխվարչապետ, հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեյբերդին։

«Այս պահին մենք Ռուսաստանից ոչ մի ռիսկ կամ սպառնալիք չենք տեսնում, չենք զգում», - ասել է նա երեքշաբթի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Տլեյբերդին հիշեցրել է, որ Ղազախստանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի անդամ է՝ Ռուսաստանի հետ սահմանակից կամ այս տարածաշրջանում գտնվող այլ պետությունների հետ միասին․ «Եվ այդ պատճառով մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք որպես դաշինք, որը գործում է այս բազմակողմ կառույցների շրջանակներում։ Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը կամ երկկողմ հարաբերություններին, ապա մենք ունենք ամուր իրավական բազա»։

Նախարարը ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ամբողջությամբ սահմանազատված սահմանն աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանն է՝ 7,5 հազար կիլոմետր երկարությամբ։

«Ղազախստանը շարունակում է իրականացնել իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, եւ այդպիսով մենք փորձում ենք պահպանել հակակշիռների համակարգը՝ աշխարհի բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցություն եւ հարաբերություններ ապահովելու համար», - ասել է Ղազախստանի արտգործնախարարը։