Թել Ավիվը Բեռլինից քայլերի է սպասում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցում, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։ Նրա խոսքով՝ հրեական պետությունը անհամբերությամբ է սպասում «իրանական ռեժիմի» դեմ Գերմանիայի հետ աշխատելուն։
«Իրանի ռեժիմն այլեւս ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այլեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի խնդիրը։ Իրանի միջուկային մրցավազքին վերջ դնելու միակ ճանապարհը դիվանագիտական եւ տնտեսական ճնշումն է... Տիկին ես խնդրում եմ (Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքին) ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը) որպես ահաբեկչական կազմակերպություն Գերմանիայում եւ ընդլայնել այդ ճանաչումը ողջ Եվրոպայում», - նշել է Քոհենը:
Ինչպես նշել է Իսրայելի արտգործնախարարը, Թել Ավիվը դեմ է Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը եւ կոչ է անում համատեղ քայլեր ձեռնարկել՝ հակազդելու Թեհրանի՝ միջուկային զենք ստեղծելու ենթադրյալ փորձերին։
«Գերմանիան՝ որպես եվրոպական եւ համաշխարհային տերություն, պետք է հստակ ուղերձ հղի. միայն ուժեղ գործողությունները հզոր արդյունքներ կբերեն, եւ եկել է ժամանակը ուժեղ գործողություններ ձեռնարկելու», - ասել է Քոհենը։





























