Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ օտար բառերի օգտագործման անթույլատրելիությամբ, բացառությամբ այն բառերի, որոնք ռուսերենում ահամապատասխան անալոգներ չունեն։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Օրենքը բարելավում է ռուսաց լեզվի` որպես պետական լեզվի կարգավիճակի ապահովման մեխանիզմները ողջ երկրում եւ վերահսկում է մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնյաների, Ռուսաստանի քաղաքացիների կողմից ժամանակակից ռուսերեն գրական լեզվի նորմերի պահպանումը: Փաստաթղթում ներկայացվել են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են նորմատիվ բառարանները, նորմատիվ քերականությունները եւ նորմատիվ տեղեկատուները, որոնք ամրագրում են ժամանակակից ռուսերեն գրական լեզվի նորմերը:
Փաստաթուղթը պարունակում է այն ոլորտների ցանկը, որտեղ ռուսերենը պետք է օգտագործվի որպես պետական լեզու: Այն ներառում է տեղեկատվություն ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների սպառողների, ինչպես նաեւ կրթության, պետական եւ քաղաքային տեղեկատվական համակարգերի համար:
Այնպես որ, նշված բոլոր ոլորտներում, եթե կա օտարալեզու տեքստ, ապա ռուսերեն տեքստը տեղաբաշխման եւ տեխնիկական ձեւավորման առումով պետք է լինի համարժեք, այսինքն՝ ունենա նույն պարամետրերը՝ գույնը, տառատեսակը եւ չափը։
Նշվում է նաեւ, որ ռուսաց լեզուն որպես պետական լեզու օգտագործելիս չի թույլատրվում օգտագործել ժամանակակից գրական նորմերին չհամապատասխանող բառեր եւ արտահայտություններ, այդ թվում՝ անպարկեշտ արտահայտություններ, բացառությամբ օտար բառերի, որոնք համապատասխան անալոգներ չունեն։




























