Հայաստանի ԿԸՀ նորընտիր նախագահ Տիգրան Մուկուչյանը, նոր պաշտոնում ընտրվելուց հետո, զրուցել է լրագրողների հետ եւ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է իշխանության ընտրությունը կանգ առել իր վրա, պատասխանել է. «Հանձնաժողովը նպատակահարմար է գտել առաջարկելու իմ թեկնածությունը` հաշվի առնելով նաեւ այն կենսափորձը, որը ունեցել եմ»:

Լրագրողները նրան հիշեցրել են, որ նա 1996-ի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ում պաշտպանել է գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ 1998-ին` նույն ՍԴ-ում պաշտպանել է արդեն Ռոբերտ Քոչարյանին, ինչին Մուկուչյանը հակադարձել է. «Խնդիրը վերաբերել է ոչ թե այս կամ այն թեկնածուի պաշտպանությանը, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկմանը: Երկու դեպքում էլ պաշտպանվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման իրավաչափությունը»:

Հարցին, թե ընտրությունների ժամանակ, հնարավոր ճնշումների պարագայում, հնարավո՞ր է, որ լքի ԿԸՀ նախագահի պաշտոնը, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է. «Կարծում եմ, նման իրավիճակներ ուղղակիորեն չեն լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Տ. Մուկուչյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ԿԸՀ բոլոր 7 անդամները:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Ավելի վաղ` սեպտեմբերի 14-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին: Այդ պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի հանկարծակի մահից հետո:

Հիշեցնենք, որ Տիգրան Մուկուչյանը 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ԿԸՀ անդամ եւ երբ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, նա ՍԴ-ում ներկայացնում էր ԿԸՀ-ի շահերը, որի որոշմամբ նախագահ էր ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: