2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:
Սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։





























