Աշխարհը զենքով լիքն է, եթե դու ուզենաս կռվես, զենքը բերելու են տան, խնդրելու են, որ վերցնես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ առաջին հրմանատր Արկադի Կարապետյանը:
«Բայց մենք էդ կռվելն էլ չգիտենք: Ընդհանուր մեր բանակը կռվել չգիտի: Լավ չի, որ ես սա ասում եմ, որովհետեւ թեւ տալ է պետք: Ժողովուրդն ասում է՝ ազգը լավը չի, պետությունը լավը չի, ասում եք՝ գլխներիդ գալիս է, մի ասեք:
Մինչեւ մենք մեր երազանքը չունենանք, օրինակ, ծովից ծով Հայաստան, որը հիմա սարքել են ծաղրի առարկա, մենք ոչ մի բան չենք կարող անել, ոչ մեկն էլ մեզ չի լսելու:
Մինչեւ հիմա մեզ վախեցնում էին, որ Հայաստանն ագրեսոր է, բայց ոչ մի փաստաթղթում չկա գրված, որ Հայաստանն ագրեսոր է: Ընդամենն ասել են՝ էնտեղի հայերին ասեք՝ մի քիչ խելոք մնան: Միջազգային օրենքներով մենք ճիշտ ենք, բայց դրանից վախենում ենք»,-ասաց նա:
Արկադի Կարապետյանը չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը մշտապես Արցախը համարել է Ադրբեջանի մաս. «Նախորդ դարի 20-ական, 30-ական թվականների որոշումներ կան, պայմանագրեր կան, ո՞վ է ասել, որ Ադրբեջանի մաս է Արցախը: Էդ մենք ենք ասում, անգամ Ադրբեջանն էլ գիտի, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ»:
Նա վտահություն հայտնեց, որ Արցախը կռվելու ներուժ ունի. «Նախ, եթե մենք միացած լինեինք, ոչ մի խնդիր չէինք ունենա: Արցախը միշտ էլ եղել է Հայաստանի մաս, հիմա Հայաստանի մաս չի այն իմաստով, որ մեր մեջ տարաձայնություններ են գցել: Երեւանում մարդ կա, որ չգիտի, որ արցախցին հայ է: Եթե Արցախը լիներ այնպես, ինչպես Սյունիքն է, մենք ոչ մի պրոբլեմ չէինք ունենա, մենք մեր գլխին պրոբլեմ ենք սարքել: Հասան նրան, որ մեզ կիսեցին ու մենք թուլացանք»,-ընդգծեց նա:











