Անկախ պետություն ունենալն ինքնին խոշորագույն ձեռքբերում է, այն յուրաքանչյուր ժողովրդի համար ինքնադրսեւորվելու, սեփական իղձերն իրականություն դարձնելու նախապայման է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը` գնահատելով Հայաստանի անկախության 20-ամյա ուղին:
«Անկախության ձեռքբերումներն իրականում շատ են` ազգային բանակ, հայոց ցեղասպանության ճանաչման միջագային գործընթացի աշխուժացում, վերջիվերջո` սեփական ճակատագիրն անձամբ տնօրինելու իրավունք»,- նշել է Բալասանյանը:
Անդրադառնալով անկախության շրջանի կորուստներին` ԱԺ փոխնախագահը նկատել է. «Այդպիսիք կհամարեմ կորսված ժամանակը, անցած յուրաքանչյուր պահը, որ չենք օգտագործել մեր պետությունն ավելի ուժեղ եւ բարգավաճ դարձնելու համար»:
Ըստ Բալասանյանի` անկախության կերտման ճանապարհին մենք ունեցանք նաեւ անդառնալի մարդկային կորուստներ: «Արցախում մեզ պարտադրված պատերազմը սպառնալիք էր նաեւ նորանկախ Հայաստանին եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ մենք ունեցանք զոհեր: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ անձեռնմխելի պահել մեր անկախությունը»,- ամփոփել է ԱԺ փոխնախագահը:




























