Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ նախագահ,
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առիթով ցանկանում եմ անձամբ իմ եւ Ֆրանսիայի անունից լավագույն շնորհավորանքներս հղել Ձեզ եւ բոլոր հայերին:
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերահաստատեց կապը պատմության հետ եւ վերստին ստանձնեց իր ճակատագիրը տնօրինումը: Հայաստանը կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ իրականացրել է վերջին քսան տարիների ընթացքում՝ շատ հաճախ դժվար պայմաններում:
Հայաստանը ժողովրդավարություն է կերտել, անցել շուկայական տնտեսության եւ իր տեղը գտել միջազգային թատերաբեմում: Նա դա իրագործել է նաեւ շնորհիվ իր ժողովրդի խիզախության եւ աշխատասիրության, որին արժանին եմ մատուցում:
Այս տարիների ընթացքում, պատմական հինավուրց եւ ամուր կապերով միավորված Ֆրանսիան եւ Հայաստանը զարգացրել եւ անընդմեջ խորացրել են բեղմնավոր համագործակցություն բոլոր ասպարեզներում:
Վստահ եղեք, որ Ֆրանսիան Հայաստանի, իր բարեկամի կողքին է՝ օգնելու նրան դիմակայելու մարտահրավերներին: Ես առիթ կունենամ Ձեզ նորից շնորհավորելու եւ բարձրաձայն արտահայտելու Ֆրանսիայի բարեկամությունը Փարիզ կատարելիք Ձեր պաշտոնական մոտակա այցի, այնուհետեւ Հայաստան իմ պետական այցի ժամանակ, որի պատիվը եւ հաճույքը կունենամ առաջիկայում»:




























