Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` սեպտեմբերի 22-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի դեսպանների, ինչպես նաեւ Բուլղարիայի, Հունաստանի եւ Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների հետ:

Հանդիպման ընթացքում, դիվանագետների խնդրանքով, Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` Կոնգրեսի պահանջները, երկխոսության առկախման պատճառները, ընտրական գործընթացների նախապատրաստումը եւ ներկա փուլում Կոնգրեսի անելիքները: Զուրաբյանը շեշտել է, որ անցումը դեպի ժողովրդավարություն եւ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն եթե իշխանությունները ստիպված լինեն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին հզոր հանրահավաքային ալիքի ճնշման տակ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Նշենք, որ մեկ օր առաջ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը` «ԵվրաՆեսթի» խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Քրիստիան Վիգենինին, արտաքին գործերի հանձնաժողովի անդամներ Իոաննիս Կասուլիդեսին եւ Անդրեյ Կովաչեւին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը եւ ներքին քաղաքական զարգացումների եւ ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային լուրջ ուշադրության անհրաժեշտությունը: Լեւոն Զուրաբյանը բարձրացրել է ընտրություններին 2000 միջազգային դիտորդներ ուղարկելու` ՀԱԿ-ի առաջարկը: