Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կայանալու է սեպտեմբերի 30-ին: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 23-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ավարտին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Վերջինս նաեւ բարձրաձայնել է Հայ ազգային կոնգրեսի պահանջները`
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։




























