ԱՄԷ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից, շաբաթ օրը հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամեդ ալ-Բահիթին, փոխանցում է IRNA-ն։

«Մենք չենք ընդունում էմիրատական ուժերի ներկայությունը Եմենի տարածքի նույնիսկ մի հատվածում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն պետք է դաս քաղի եւ նահանջի։

Մուհամեդ ալ-Բահիթին հայտարարել Է Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ չի կարող հայտնել համաձայնագրի մանրամասների մասին:

«Մենք աջակցում ենք Էր Ռիադի կողմից ցանկացած մոտեցման՝ Եմենի կամ ցանկացած կողմի հետ խաղաղության հասնելու համար»,-ընդգծել է նա:

«Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամը հայտարարել է, որ ներքին որոշման պատասխանատվությունը կրում են Եմենի բոլոր ակտիվ ուժերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Եմենում հրադադարի ռեժիմի երկարաձգումը եւս մեկ տարով: Էր Ռիադը որպես պայման է նշում Ալ-Հուդայդի նավահանգստի ամբողջական ապաշրջափակումը։

Այս պայմանով հրադադարի ռեժիմի երկարաձգմանը կհաջորդի Սաուդյան Արաբիայի պաշտոնական հայտարարությունը պատերազմի ավարտի մասին: