Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը տեղեկացրել է, որ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Այն պետք է կայանար վաղը՝ ապրիլի 10-ին, հաղորդում է «Կոմերսանտը»։

«Երկուշաբթի նախատեսված հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդակցություններն այս հարցում դրական արդյունքների հասնելու համար»- լրագրողներին ասել է Ալեքսանդր Եֆիմովը։

Նա ավելացրել է, որ Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները երկար բանակցություններ են պահանջում։

Ապրիլի 3-4-ը անց են կացվել խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի արտգործնախարարների տեղակալների մակարդակով։ Բանակցությունների նպատակը թուրք-սիրիական հարաբերությունների նորմալացումն էր։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները սրվել էին 2011 թ․ Սիրիայում սկսված բողոքի գործողությունների պատճառով։ Այս ողջ ընթացքում Թուրքիան պաշտպանում է սիրիական ընդդիմությանը։