Եթե Ռուսաստանի հաջորդ նախագահ դառնա Վլադիմիր Պուտինը, դա Հայաստանի համար ոչինչ չի փոխի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովը։ Նրա խոսքով, գոյություն ունեցող միֆն այն մասին, որ ռուս առաջնորդներից մեկն ավելի արեւմտամետ է, քան մյուսը, եւ որ դա ինչ-որ կերպ արտացոլվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, հեքիաթ է։

Սկակովը չհամաձայնեց տարածված այն կարծիքի հետ, որ Դմիտրի Մեդվեդեւի կառավարման օրոք Ռուսաստանի արտաքին քաղաքականության վեկտորը մտավ լճացման փուլ։ «Ոչ մի լճացման մասին խոսք չի կարող լինել։ Չ կարելի մոռանալ, որ հենց Մեդվեդեւի օրոք սկսվեց ռուս-վրացական պատերազմը, ինչի հետեւանքը եղավ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- նկատեց քաղաքագետը։

Մեկնաբանելով ռուսական կառավարության փոխատեղության հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա եւ դրանում Մեդվեդեւի դերը, Սկակովը նշեց, որ այստեղ եւս փոփոխություններ չեն սպասվում։

Դիտարկմանը, որ շատերը Մեդվեդեւին մեղադրում են ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ձախողման մեջ, զրուցակիցը նկատեց, որ մեղադրում են բացարձակապես իզուր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 24-ին կայացած, «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր առաջադրվել 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություների ժամանակ։

Ինքը՝ Մեդվեդեւը, համաձայնել է դեկտեմբերի 4-ին Պետդումայում սպասվելիք ընտրություններին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը։

Մեդվեդեւը նշել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններից հետո աշխատել Ռուսաստանի կառավարությունում։

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի երկրորդ նախագահն է։ նախագահել է 2000-2008 թվականներին։ 2008 թվականի մայիսի 8-ից զբաղեցնում է Ռուսաստանի վարչապետի պաշտոնը։ «Եդինայա Ռոսիա»կուսակցության նախագահն է։