Այսօր՝ ապրիլի 14-ին, տեղի ունեցան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված չորս սպաների հուղարկավորությունները։
Հատուկջոկատային, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արարողությանը մասնակցել է նաեւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 34-ամյա Մկրտիչն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ուներ երկու դուստր:
26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը հուղարկավորվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղի եղբայրական գերեզմանատանը: Հենրիկը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մանգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, եւ ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:
Լեյտենանտ Արթուր Սահակյանը հուղարկավորվեց Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում: 23-ամյա Արթուրը Գյումրիից էր, զբաղվում էր կարատեով:
29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը հուղարկավորվեց Սեւան քաղաքում: Նախքան զինվորական դառնալը Նարեկը սովորել էր Սեւանի քոլեջի ծրագրավորման բաժնում:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Պաշտպանության հաղորդագրության համաձայն՝ սադրանքի հետեւանքով հայկական կողը դիրքային կորուստներ չունի:
Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։




























