ՄԱԿ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի գլխավոր նպատակներից մեկը վստահության ցուցադրումն էր: Այդ մասին, սեպտեմբերի 27-ին, կայացած ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, հայկական պետության ղեկավարի ելույթը լիովին տեղավորվում է կես տարի առաջ Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող հայտարարություններին. «Մինչ այդ ադրբեջանցիները հանդես էին գալիս ռեւանշիստական հայտարարություններով եւ սուր ելույթներով` ընդհուպ մինչեւ նախագահական մակարդակով, իսկ Հայաստանը հանդես էր գալիս բանակցային գործընթացի օգտին: Խոսք գնաց այն մասին, որ մենք նախկինի պես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց պետք չէ կարծել, որ մենք պաշտպանված չենք»:
Իսկանդարյանի խոսքով, վերջին ժամանակաշրջանում Հայաստանը խիստ կոշտ է արձագանքում Ադդրբեջանի ռազմական հռետորաբանությանը: Մի քանի անգամ հայտարարություններով հանդես են եկել Հայաստանի տարբեր պաշտոնատար անձինք, այդ թվում Պաշտպանության նախաարարը եւ արտգործնախարարը:
Իսկանդարյանը նշել է, որ դա ցուցադրում է` Հայաստանը չի պատրաստվում անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարությունները եւ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները. «Ես նկատի ունեմ անօդաչու սարքի կործանումը, այն հայտարարությունները, որոնցով հանդես են գալիս պետական տարբեր պաշտոնյաներ, եւ, իհարկե, զորահանդեսը, որը ուժային ասպարեզում Հայաստանի հնարավորությունների ցուցադրումն էր»:




























