Ոչ մեկին չի հաջողվի սեպ խրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի բարիդրացիական հարաբերություններում եւ խանգարել տարածաշրջանային խոշոր նախագծերի զարգացմանը։ «Спутник-Азербайджан»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանում  Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը «Մոսկվա-Բաքու. երկու մայրաքաղաքների երկխոսություն» թեմայով համաժողովի ժամանակ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն ու տեղն է վստահություն հայտնելու առ այն, որ ոչ մեկին չի հաջողվի սեպ խրել մեր բարիդրացիական հարաբերություններում եւ խանգարել տարածաշրջանային խոշոր նախագծերի զարգացմանը։ Դրա օրինակներից է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ մարտի 17-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանոբա» գերժամանակակից մաքսային սահմանային անցակետի հանդիսավոր բացումը, ինչը կնպաստի բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:

Բոչարնիկովի խոսքով՝ անխափան լոգիստիկայի ապահովման համար պատասխանատու են նաեւ 2022 թվականին Բաքվի եւ Մոսկվայի միջեւ գործարկված ագրոէքսպրեսները՝ արագընթաց գնացքները, որոնք նախատեսված են պարենի տեղափոխման համար։ Դեսպանը հայտնել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2022 թվականին կազմել է գրեթե 24 տոկոս՝ հասնելով 3,71 մլրդ դոլարի նշագծին: Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ադրբեջանում կուտակված ռուսական ներդրումների համախառն ծավալը գերազանցում է 6 մլրդ դոլարը: Նրա խոսքով՝ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանում գրանցված են 1456 ձեռնարկություններ  ռուսական մասնակցությամբ։   

«Գաղտնիք չէ, որ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության դրական տեղաշարժերը տեղի են ունենում Արեւմուտքի կողմից աննախադեպ ճնշման ֆոնին, որը ստիպում է մեր բարեկամ պետություններին միանալ հակառուսական պատժամիջոցներին եւ դադարեցնել առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,-ասել է Բոչարնիկովը: Այսպես, նրա խոսքով, Արեւմուտքը դիմում է «մտրակի եւ բլիթի» մարտավարությանը։ Որպես «բլիթ» հնչում են լրացուցիչ ներդրումների, տնտեսական օգնության խոստումները, իսկ «մտրակը» երկրորդային սահմանափակումներ մտցնելու սպառնալիքներն են՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը խզելուց հրաժարվելու համար։

«Իհարկե, նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթին։ Միակողմանի պատժամիջոցային ռեժիմների արտատարածքային կիրառումը բացարձակապես անօրինական է։ Ըստ էության, միջպետական հարաբերությունների պրակտիկայում մտցվում է երրորդ երկրների, քաղաքացիների եւ բիզնեսի պատասխանատվության սկզբունքը՝ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի պահպանման եւ զարգացման համար նրանց հետո, որոնց դեմ կիրառվել են ոչ լեգիտիմ ռեստրիկտիվ միջոցներ»,-ասել է նա։ 

Դիվանագետը նշել է, որ արեւմտյան երկրները հենց այնպես չէ, որ այդպես են անվանում օժանդակությունը մաքսային ոլորտում, նախ եւ առաջ մաքսային օնլայն-գործիքների ներդրման համատեքստում՝ հսկելու համար ապրանքների տեղաշարժը։

«Նման օգնության նպատակը ոչ միայն պատժամիջոցների տակ գտնվող արտադրանքի պոտենցիալ վերարտահանումը կանխելու փորձերն են, այլեւ ՌԴ-ի բարեկամ երկրների ողջ ապրանքաշրջանառությունը վերահսկողության տակ դնելը»,- պարզաբանել է Բաքվում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ Արեւմուտքը նպատակ ունի ապակայունացնել ամբողջ Եվրասիական տարածաշրջանը, ինչը համապատասխանում է նրա շահերին Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայության համատեքստում։

«Զիջումները հակառուսական պատժամիջոցմերի կիրառման առումով անխուսափելիորեն Արեւմուտքի կողմից կընկալվեն որպես ազգային արտաքին տնտեսական ինքնուրույնության բացակայության եւ արեւմտյան պատժիչ գծին հնազանդ հետեւելու պատրաստակամության նշան՝ ի վնաս սեփական շահերի»,- հայտարարել է Բոչարնիկովը։

Ավարտելով ելույթը՝ դեսպանը նշել է, որ «ՌԴ-ն եւ Ադրբեջանը այսուհետ եւս կանեն հնարավոր ամեն բան՝ Հեյդար Ալիեւի գիծը շարունակելու համար՝ ուղղված այն բանին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դառնան ավելի լավ, ավելի լայն եւ ավելի արդյունավետ»։