Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր` սեպտեմբերի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո  տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ հեռանկարները:

Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, եւ այցի ձեւաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:

Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է եւ միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան  Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու եւ շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, թե ուրախ է, որ  իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ եւ անչափ կարեւորում ենք մեր երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ կապերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաեւ երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության եւ մշակութային ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին: