Կառավարող Հանրապետական կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու է երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությամբ: Այդ մասին, սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուն ունի նախագահական ընտրություններում, եւ կուսակցությունը մասնակցելու է նրա թեկնածությամբ: Պատգամավորը հիշեցրել է, որ դա արտացոլված է նաեւ կոալիցիոն կուսակցությունների հուշագրում. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխանամետ կամ նախագահամետ կուսակցություն չէ: Այն իշխանության կուսակցությունն է` նախագահի կուսակցությունը, եւ ունի իր ծրագրերն ու նպատակները»:
Խոսելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման մասին, Մելիքյանն ասել է, թե չի բացառում դա, սակայն չի կարծում, որ դա կազդի երկրի քաղաքական դաշտի վրա:




























