Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Մինչ այդ, Ֆրանսիայում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հետ, որից հետո` Փարիզի քաղաքապետի հետ հանդիպել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որՀՀ նախագահը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ողջույնի խոսքով, որում ասվում է.

«Մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, սակայն Հայաստանի անկախությունից ի վեր այդ բարեկամությունը վերաձեւակերպվեց որպես երկու պետությունների սերտ ու վստահելի համագործակցություն: Անցած երկու տասնամյակները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված համագործակցություն, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներ:

Մի քանի օրից սպասում ենք Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք պետական այցին, ինչն առանցքային իրադարձություն է հայ-ֆրանսիական հարաբերություններում: Ոգեւորված եմ նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ երեկ կայացած մեր հանդիպումից, որտեղ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Թուրքիայի ԵՄ անդամակցության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերում հստակ դիրքորոշման եւ կեցվածքի համար:

Մեր բազմաբնույթ համագործակցության օրակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հաստատված ակտիվ գործակցությունը: Ներկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցն ընդգրկում է շուրջ 30 գործընկերային կապեր, որոնց շրջանակներում տարբեր բնագավառներում ամեն տարի իրականացվում են մի քանի տասնյակ համատեղ ծրագրեր:

Մենք հատկապես կարեւորում ենք մեր մայրաքաղաքների` Երեւանի եւ Փարիզի միջեւ ընթացող համագործակցությունը եւ այդ շրջանակում քաղաքապետ Դելանոեի գործունեությունը, ում օրոք Երեւանի եւ Փարիզի միջեւ համագործակցությունը նոր բովանդակություն ստացավ` ներառելով նորանոր բնագավառներ ու ծրագրեր:

Փարիզի կենտրոնական հատվածներից մեկում Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումը եւ Երեւանի պուրակի հիմնումն իսկապես մեծ հպարտություն է բոլոր հայերի համար, որտեղ էլ նրանք բնակվեն:

Իհարկե, տեղյակ ենք նաեւ, որ այս տարի Փարիզի քաղաքապետարանն իր հյուրընկալ դռներն էր բացել հայության եւ Ֆրանսիայի հասարակական շրջանակների առջեւ` Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ տոնելու Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանը, ինչի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Ողջույնի խոսքս եմ ուզում հղել նաեւ այստեղ ներկա մեր հայրենակիցներին:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր գոյություն ունեցող հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաեւ ձեր ավանդը: Առաջին հերթին ձեր շնորհիվ է, որ ֆրանսիացու համար օտար չեն հայ եւ Հայաստան բառերը։ Ձեր` Ֆրանսիայի օրինակելի քաղաքացու համբավի շնորհիվ է, որ շատ ու շատ ֆրանսիացիներ հայերի հանդեպ հարգանք ու վստահություն են տածում ու Հայաստանը համարում բարեկամ երկիր: Դուք յուրօրինակ կամուրջ եք երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ, եւ ես կցանկանայի, որ այդ կամուրջը միշտ ամուր եւ անսասան լիներ։ Իմ անկեղծ ցանկությունն է նաեւ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները հետեւեն ձեր օրինակին` լինելով Ֆրանսիայի արժանի քաղաքացի եւ վառ պահելով հայկական ինքնությունը, իրենց նպաստը բերեն հայ-ֆրանսիական բարեկամությանն ու համագործակցությանը:

Մենք շատ հաճախ կյանքում ինքներս էլ չենք գիտակցում, թե ինչ նշանակություն ունենք մեր հարազատների, մեր զավակների կամ մեր բարեկամների համար: Եվ դա բնական է: Բնական է, քանի որ երբ դու ապրում ու արարում ես, երբ քո լինելով ու քո գործով դառնում ես անփոխարինելի մեկը ընտանիքիդ ու շրջապատիդ համար, դու իրականում չես էլ մտածում դրա մասին ու այդ նպատակը չես էլ հետապնդում: Այ, ճիշտ այդպես էլ հայրենիքի համար դուք եք, սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ՝ դուք նպատակ ունեցե՞լ եք ձեր գործերով ու քայլերով անփոխարինելի մեկը լինել հայրենիքի համար, թե պարզապես արել եւ անում եք այն, ինչին հավատացել եք կամ ձեր պարտքն եք համարել: Փաստն այն է, որ ձեր գործերով կամ պարզապես ձեր գոյությամբ դուք Հայաստանի համար, մեզ բոլորիս համար անփոխարինելի մարդիկ եք, անկախ այն բանից՝ մեր տեսակետները մշտապես համընկնում են, թե ոչ: Եվ այդ ամենի համար ես ձեզ, իհարկե, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ ձեր զավակներն իրենց հայ են ասում, որ այդքան մեծ նշանակություն ունեք մեր ժողովրդի դարերի երազանքի իրականացումը մարմնավորող անկախ հայրենիքի համար: Աստված ձեզ պահապան:

Հարգելի՛ պարոն Դելանոե,

Մենք սիրով սպասում ենք Ձեզ Երեւանում այս տարվա հոկտեմբերին՝ Ձեր գլխավորած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի տարեկան նիստին:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հյուրընկալության համար եւ վստահ եմ, որ Երեւան եւ Փարիզ քույր-քաղաքների հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով»: