Հայաստանում կա մեկը, ով կարող է պայքարել մաֆիայի դեմ եւ դա Հայաստանի հանրապետության քաղաքացին է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Հայ ազգային կոնգրեսի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը ժամանակ հավաքվածները պարբերաբար վանկարկում էին «Սկսել ա, սկսել ա»:
«Երկու օր առաջ հյուրընկալեցի եվրոպացի մի լրագրողի: Խոսում էինք Հայաստանում առկա իրավիճակի մասին: Նա պատմեց, որ մի դիվանագետ իրեն ասել է, թե Հայաստանում ժողովրդավարության ապագան մշուշոտ է, քանի որ մաֆիան շատ ուժեղ է: Ես խնդրեցի փոխանցել, որ Հայաստանում կա մեկը, ով կարող է պայքարել մաֆիայի դեմ: Նա հարցրեց ով է, ասացի ես, Հայաստանի հանրապետության քաղաքացին: Ես դա ասացի ձեզանից յուրաքանչյուրի անունից, որովհետեւ ՀՀ-ում չի կարող լինել այլ հզոր ուժ, քան ՀՀ ժողովուրդը»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց. «Ձեզանից յուրաքանչյուրն այստեղ է` ասելու եվրոպացիներին, որ ուժեղ է ցանկացած ավազակապետությունից, ուժեղ է մտքով ու սրտով, ու դուրս է եկել Ազատության հրապարակ` Սահմանադրության նախատեսված իր իրավունքն իրացնելու համար: Գիտակցիր քո ուժը եւ ՀՀ-ում վերականգնիր քո իշխանությունը: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:




























