Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը դիտարկում է որպես այն դիրքորոշման հաստատում, որը որդեգրվել է նրա կողմից 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի գագաթաժողովում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ ԵՄ մասնակցությամբ, որը հղվում է 1991թ. Ալմաթիի հռչակագրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է պարունակում Ալմաթիի 1991թ. հռչակագրին, որի համաձայն՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջեւ վարչական սահմանները ճանաչվում են միջպետական։

«Ինչպես մենք քանիցս ասել ենք, Պրահայի պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է հաղորդել Բաքվի եւ Երեւանի բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունները հենց Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում առաջ են բերել  ոչ միանշանակ արձագանք։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը կարգավորման միջնորդ է հանդիսանում, եւ այդ առնչությամբ կարեւոր է ունենալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի հստակ դիրքորոշումը. «Սա պարզապես թեմա չէ, պարզապես հարց չէ, սա երկար տարիների հակամարտություն է։ Միջնորդական ջանքեր, որոնք ցուցաբերվել են միջազգային կառույցների եւ տարածաշրջանային երկրներիի գծով։ Անշուշտ, այն փաստաթղթերի առաջմղման համար, որոնք ստորագրվել են, անհրաժեշտ է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հաշվով»։

Նա ընդգծել է, որ նման հայտարարությունները պետության քաղաքական կարգի տեսլականի մասին Հայաստանի եւ նրա ժողովրդի առանձնաշնորհն են։