Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասնյակ անգամ վախեցել է ՀՀԿ ներկայացուցչի հետ բաց բանավեճ անցկացնել ԼՂ թեմայով, առաջարկը դեռ ուժի մեջ է։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, այս բանավեճերը ցույց կտան, թե ինչ խորը գիտելիքներ է ստացել Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Ալիեւից։ Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ի թողած ժառանգության մեջ՝ ոչ մի փաստաթղթում երբեւէ չի քննարկվել անկլավների հարցը։
Ընդդիմադիրն ասաց, որ իշխող կուսակցության պատգամավորներից մեկը նախկինում խնդրել էր չխոսել անկլավների մասին՝ վստահեցնելով, որ այս հարցը լուծված է, եւ ավելորդ անգամ չարժե հիշատակել այդ մասին։ «Հիմա պարզ է, թե իշխանություններն ինչ որոշում էին պատկերացնում»,- պարզաբանեց նա։
Մամիջանյանն անընդունելի համարեց աշխարհաքաղաքական ծանր իրավիճակով արդարացնել ինքնորոշման սկզբունքի խթանման հարցում անգործությունը։ Նա թշնամական գործունեություն անվանեց Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի եւ ինքնորոշման սկզբունքի միջեւ հակասությունները տեսնելու փորձերը։ «ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորվեցին երկու պետություն՝ Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ։ Սրանով փակվում է այն հարցը, թե ումից է ինքնորոշվել Լեռնային Ղարաբաղը։ ԽՍՀՄ-ում այլ խնդրահարույց գոտիների շրջանում, միայն Լեռնային Ղարաբաղի դեպքում է կիրառվել ինքնորոշման սկզբունքը։ Մեր թողած ժառանգության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, իսկ Լաչինն ու Քարվաճառը մնում էին հայկական»,- նշեց պատգամավորը։
«Համաշխարհային հանրությունն այն ժամանակ Հայաստանի կողքին էր։ Հայաստանի ճնշման տակ քառօրյա պատերազմի արդյունքում պայմանագրեր ստորագրվեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Այս պայմանավորվածությունների իրականացումը կարող էր փրկել մեր զինվորների կյանքը, բայց գործող իշխանությունները ամեն ինչ փոշիացրին»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։











