Հայաստանի վարչապետի երեկվա խոսքերը ենթադրում էին, որ Ռուսաստանն, իբր, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջեւան գնացող ճանապարհի արտատարածքային լինելու մասին, բայց Ռուսաստանը երբեք չի պաշտպանել այդ ճանապարհի արտատարածքային լինելու մասին դիրքորոշումը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ՝ ՄԳԻՄՕ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը:
Նա հիշեցրեց, որ այդ առիթով Պուտինը միանգամայն կոռեկտ պատասխան է տվել այն մասին, որ այդ վեճերը միայն տերմինաբանական են, բովանդակային վեճ չկա այն հարցի շուրջ, թե արդյոք միջանցքը կլինի արտատարածքային, թե ոչ։ Այն չի լինի արտատարածքային:
«Բանակցություններում երբեք խոսք չի եղել այդ երթուղու արտատարածքային լինելու մասին։ Այդ առումով Ռուսաստանի դիրքորոշումը որեւէ կերպ չի փոխվել։ Ադրբեջանում սիրում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համեմատել Լաչինի միջանցքի հետ։ Ինձ համար այս թեզը միշտ կասկածելի է եղել Ադրբեջանի շահերի տեսանկյունից, որովհետեւ դա ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել որպես Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հավասարեցում:
Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները տեղադրեցրին իրենց անցակետը, ինչը եռակողմ պայմանավորվածությունների խախտում է, ինչի վերաբերյալ Ռուսաստանը համապատասխան հրապարակային բաց հայտարարություններ էր անում, արդյոք հիմք կա ընդհանրապես խոսել ինչ-որ արտատարածքայնության մասին»,-նկատեց փորձագետը։
Նա մատնանշեց ռուսական շուկայում Ադրբեջանի շահագրգռվածության գործոնը։
Բացի այդ, կա Ռուսաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների եւ ամբողջ համաշխարհային առեւտրի համակարգի լայնածավալ վերակառուցում, որոնք կապված են Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումների, մի շարք երկրների դոլարի աստիճանական հրաժարման, միջազգային առեւտրի նոր ուղիների որոնման հետ:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն ուզում է դրանից ինչ-որ օգուտ քաղել։
«Ըստ երեւույթին, Բաքվի դիրքորոշումն ավելի վաղ կայանում էր նրանում, որ տնտեսական արտոնություններ եւ հասանելիություն ստանար ռուսական շուկա՝ միեւնույն ժամանակ իր չստանձնելով ԵԱՏՄ-ի հետ կապված ինչ-որ պարտավորություններ։ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի դիրքորոշումը կարող է լինել այնպիսին, որ եթե ինչ-որ ռեֆերենցիաներ ես ստանում, ապա պետք է նաեւ ինչ-որ պարտավորություններ ստանձնել։ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի երթուղու կարեւոր մասն է, որի նշանակությունը մեծանալու է: Սակայն ԵԱՏՄ նիստին Ալիեւի ներկա լինելու մեջ աշխարհաքաղաքական տրամաբանություն չեմ տեսնում»,-նշեց Սիլաեւը։
Նա հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի համոզի Ադրբեջանին մտնել ԵՏԱՄ կազմի մեջ՝ ինչ-որ քաղաքական արտոնությունների կամ առավելությունների դիմաց:
«Դա սակարկության առարկա չէ։ Այստեղ կարեւոր է Հայաստանի դիրքորոշումը, ինչը երեկ ընդգծեց Պուտինը։ Սա լծակ է նաեւ հայկական դիվանագիտության համար»,-եզրափակեց քաղաքագետը։











