Անցած տարիների հայտնի քաղաքական գործչի մեծ վերադարձը Հայաստանի հասարակական կյանք բացառված չէ:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօերն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն:

Նա հիշեցրեց, որ առաջին օրինակը Կարեն Դեմիրճյանի մասնակցությունն էր նախագահական ընտրություններին, երբ նա կարճ ժամանակահատվածում կողմնակիցների մեծ թիվ հավաքեց: Մյուսը` քաղաքական ասպարեզում Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ մուտքն էր 2007 թվականին: «Այսպիսով երրորդ վերադարձը նույնպես չի կարելի բացառել: Դրա համար նախադրյալներ կարող են լինել վստահության բավականչափ պաշարով ընտրազանգվածի առկայություն, ինչպես նաեւ կազմակերպված աշխատանքի ինստիտուցիոնալ բազա. պարզ ասած` խոսքը կուսակցական կառուցվածքի մասին է»,-պարզաբանեց Մարկարովը:

Միաժամանակ` նա ուշադրությոն հրավիրեց այն հանգամանքին, որ սոցհարցումների արդյունքներով, ճիշտ է, դրանցից ոչ բոլոը կարող են  բացարձակ արժանահավատ լինել,  առայժմ ոչ մի կուսակցություն չի հայտարարել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր աջակցության մասին: