Քանաքեռավան գյուղում, սեպտեմբերի 30-ին, 11-րդ փողոցի թիվ 21 տանը տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ փլուզվել էր երկհարկանի տան երկրորդ հարկը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 55-ամյա Անահիտ Խաչատրյանին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարները բարձրացել են արգելափակող երկաթբետոնե կառուցատարրերը, որից հետո պարամեդիկը կարողացել է մոտենալ տուժածին եւ ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:
Ներարկելով նրան ցավազրկող, «1-03» ծառայության աշխատակիցները տուժածին տարբեր այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխել են «Այրվածքների կենտրոն», իսկ հետո «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ժամը 22.32-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի թիվ 21 տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով փլուզվել է երկհարկանի տան երկրորդ հարկը: Ժամը 22.34-ին դեպքի վայր են մեկնել հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, իսկ ժամը 22.35-ին` ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Ժամը 22.42-ին դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրդեհաշրջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Դեպք վերաբերյալ տեղեկացվել են «1-02», «1-03»,«1-04» ծառայությունները եւ ցանցի հերթապահները:




























