Մենք հավաքվել ենք այս հրապարակում ոչ թե կրքեր բորբոքելու, իրար ոգեւորելու, այլ գործ անելու: Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Մեր հզոր ցույցերից 4 տարի անց մենք կրկին բարձրացրել ենք մեր բողոքի ձայնը: Պետք է բոլորս հասկանանք, որ այստեղ գործ ենք անում:
Ես ուզում եմ անկեղծորեն օգնել ոստիկանությանը: Նորարարություն են սկսել կիրառել, որը չկար 2008թ.: Այն ժամանակ ավելի քաղաքակիրթ ձեւով էին անում: Մի հարգարժան գնդապետ բարձրանում էր հարթակ, զգուշացում անում, ո միջոցառումն իրենց կարծիքով անօրինական է: Ես էլ ասում էի շնորհակալություն:
Հիմա փոքրիկ խոսափողով դժվար է ամբողջ հրապարակին փոխանցել, ես էլ օգնում եմ իրենց: Զգուշացնում են, որ կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն: Ես այդ ճանապարհն անցել են 1989թ.: Ես գիտեմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրելու: Ես համաձայն չեմ, որ ապօրինի միջոցառում է, բայց իրենք այդպես են որոշել: Դատարաններն իրենց ձեռքին է, թող դատի տան: Ես կվճարեմ տուգանքը: Երեք անգամ Գորբաչովն ինձ տուգանել է: Առաջին անգամ 200 ռուբլի, երկրորդ անգամ 400, երրորդ անգամ՝ 800 ռուբլի:
Հետո մեզ բռնեցին տարան Մոսկվա, քննիչս ինձ ասում էր, որ ես անուղղելի կրկնահանցագործ եմ: Հետո սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, եւ իմ քննիչը դարձավ այլախոհ, ինձ տեղեկություններ էր փոխանցում, թե ինչ է կատարվում Երեւանում, հարցաքննության ժամանակ թերթեր էր բերում:
Հետո էլ երբ ազատ էին արձակում, իմացա, որ մեր փոխարեն վճարել են այդ տուգանքը. նույն դատավորները, որ մեզ տուգանել են: Այն ժամանակվա դատավորներին պատկերացրեք, հիմիկվա դատավորներին էլ պատկերացրեք»,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանը:
Նա իր ելույթի վերջում Ոստիկանությանը խնդրեց դադարեցնել զգուշացումը, հայտարարելով, որ ինքը վերցնում է հրապարակում ընթացող ակցիայի պատասխանատվությունը:




























