Երեւանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ) առաջիկայում վաճառքի կհանի «Դվին» կոնյակը: Այդ մասին հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը` «Դվինի» վերաթողարկմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: 

Նշենք, որ «Դվինը» հենց այն հանրահայտ հայկական կոնյակն է, որը դարձել էր Ու. Չերչիլի սիրած խմիչքը: «Դվինի» հետ կապված հայտնի է հետեւյալ պատմությունը: Այն թողարկվել է հատուկ երկրորդ համաշխարհանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ: 1945 թ. Յալթայի կոնֆերանսում Ստալինը հյուրերին «Դվին» է հյուրասիրել: Խմիչքը Ու. Չեչիլին շատ է դուր եկել, ու նա խնդրել է Ստալինին` մի որոշ խմբաքանակ ուղարկել Լոնդոն: Սակայն այնուհետ Չերչիլը հայտնում է Ստալինի, որ ուղարկված կոնյակներն այն համը չունեն, ինչ նա ճաշակել էր Յալթայում: Ստալինը հրամայում է պարզել, թե որն է պատճառը: Պարզվում է, որ կոնյակի կուպաժի (միախառնման) վարպետը` Մարգար Սեդրակյանը, աքսորվել է Սիբիր: Նրան, բնականաբար, շատ արագ ազատում են, ու Չերչիլին ուղարկվող կոնյակը ստանում է իր նախկին համը: 

ԵԿԳ տնօրեն Ա. Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ «Դվինը» կարտադրվի սահմանափակ քանակությամբ` տարեկան 5000 շիշ, կունենա 50 աստիճան թնդություն, եւ կարժենա մոտավորապես նույնքան, որքան «Նաիրի» կոնյակը: