Տուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կայացած ֆունդամենտալ հարաբերություններ են եւ Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումը բացարձակապես չի կարող ազդել Հայաստանի վրա: Ազատության հրապարակում, այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների ու քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ես ինձ Ռուսաստանի փորձագետ համարել եմ մինչեւ 1998թ., երբ սերտորեն համագործակցել եմ Ռուսաստանի հետ, անձամբ Ելցինի հետ: Ես հավասարապես ճանաչում էի եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը: Ճշգրիտ կարող էի գնահատել իրադարձությունները: Անցել է 13 տարի, ես հիմա ինձ թույլ չեմ տա գնահատել: Ես այն վերլուծագանգերի նման չեմ, որ գիշեր-ցերեկ վերլուծություններ անեմ:

Մի առասպել կա, որ այս փոխատեղումները կարող են օրինակ ծառայել որոշ մարդկանց, երկու հոգու կողմից: Ռոբերտ Քոչարյանը շշուկներով, իր շրջապատի մարդկանցով տարածում է, թե հիմա իր դարաշրջանն է: Գուցե ինքը հավատում է դրանց:

Մենք շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի հենարանները փուչ են, փուչ: Այս մարդը երեք տարի շարունակ չափչփում է Մոսկվայի երրորդական կարգի պաշտոնյաների դռները` իր մասին դրական կարծիք ձեւավորելու համար:

Հավաքում է միամիտ օլիգարխներին, նրանց ասում, թե Սերժն էլ պրծավ, Լեւոնն էլ պրծավ, ազգն էլ պրծավ, հեսա մենք ենք գալու: Այնքան է ասում, որ ինքն էլ է հավատում իր ստերին»: