Կայացել է «Կալիֆոռնիա և Հայաստան՝ առևտուր, տեխնոլոգիաներ և ճամփորդական փոխանակում» թեմայով տեղեկատվական լսումները Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովում սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ: Լսումներն իրականացվել են հունիսի 12-ին և օրակարգում Լոս Անջելեսի և Հայաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկն ու օդային բեռների թողունակության ավելացման անհրաժեշտությունն էր:

«Քննարկվել է Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը՝ պայմանավորված այստեղ բնակվող ակտիվ հայ համայնքի առկայությամբ»,- նշել է սենատոր Պորտանտինոն:

Ամերիկահայ գործարար, Dot818 ընկերության նախագահ և  Plat.AI-ի համահիմնադիր Դավիթ Տոնոյանն էլ նշել է. «Տաղանդների համաշխարհային շուկա մուտք գործելը Լոս Անջելեսի նման ցանկացած տեխնոլոգիական կենտրոնի հաջողության բանալին է: Հենց այս պատճառով Լոս Անջելեսը Երևանին ուղիղ չվերթով միացնելն ունի էական նշանակություն»:

Հուլիսին Դավիթ Տոնոյանը աշխատանքային այց կունենա Երևան՝ ուղիղ չվերթի կազմակերպման հարցի շուրջ քննարկումները հայաստանյան կողմի հետ շարունակելու համար: Նա նաև հանդես կգա նոր համայնքային զարգացման և տեխնոլոգիական նախագծերով, որոնք միտված են զարգացնելու Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ոլորտը և կրթությունը:

Կողմերը հույս են հայտնել, որ ուղիղ չվերթը շուտով կդառնա իրականություն: