Միակ կողմերը, որոնք տագնապած են Իրանի և Սաուդյան Արաբիայի համագործակցության առաջխաղացմամբ, մուսուլմանների թշնամիներն են և սիոնիստական ռեժիմը (Իսրայելը - խմբ․), հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է Tasnim-ը։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարխան Ալ Սաուդի հետ շաբաթ Թեհրանում կայացած հանդիպմանը Ռայիսին ողջունել է մուսուլմանական աշխարհի երկու կարևոր և ազդեցիկ երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։
Ընդգծելով իրանական կառավարության բարիդրացիական քաղաքականությունը և այն, որ ԻԻՀ-ն ոչ մի խոչընդոտ չի տեսնում իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացման համար՝ Ռայիսին հայտարարել է․ «Միայն մուսուլմանների թշնամիները և նրանց գլխավորությամբ սիոնիստական ռեժիմն են դժգոհ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության զարգացումից»։
«Սիոնիստական ռեժիմը ոչ միայն պաղեստինցիների թշնամին է, այլև սպառնալիք բոլոր մուսուլմանների համար, և այս ռեժիմի հետ որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը ոչ միայն անվտանգություն չի ստեղծում, այլև հակասում է իսլամական կրոնական համայնքի կարծիքին»,- ասել է Իրանի նախագահը։
Իր հերթին Ֆեյսալ բեն Ֆարխանը իր գոհունակությունն է հայտնել իսլամական երկու երկների միջև հարաբերությունների հաստատման և Թեհրան իր այցի վերաբերյալ։
«Մենք գտնվում ենք ոսկե փուլում, որը պետք է գնահատենք, և Իրանի հետ համագործակցությունը երկկողմանի և տարածաշրջանային շահ ստանալու հնարավորություն է տալիս»,- ասել է նա։
«Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայիս փոխգործակցության զարգացմամբ բոլոր իսլամական երկրների մակարդակում անսահման ձեռքբերումներ կհայտնվեն, որոնք կերաշխավորեն, որ ոչ մի օտարերկրյա երկիր չի կարողանա միջամտել մեր տարածաշրջանին»,- ավելացրել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը։





























