Էլեկտրոնային սարքերի ամերիկյան մշակող եւ արտադրող Intel ընկերությունը մտադիր է 25 մլրդ դոլար ծախսել Իսրայելում գործարան կառուցելու համար, հայտնում է Իսրայելի ֆինանսների նախարարությունը:
Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը եւ բյուջեի հարցերով հանձնակատար Յոգեւ Հերդոսը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթին հայտնել են, որ Intel ընկերության եւ Իսրայելի ֆինանսների նախարարության բյուջետային բաժնի մասնագետների միջեւ անցկացված երկարատեւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են եւ սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր գործարանի ստեղծման համար մոտ 25 մլրդ դոլար ներդնելու ընկերության մտադրության վերաբերյալ:
Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում Intel-ը կվարձի հազարավոր լրացուցիչ աշխատողների, ովքեր կստանան միջինից բարձր աշխատավարձ: Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել հարկային դրույքաչափի զգալի բարձրացման մասին, որը ընկերությունը վճարելու է պետությանը՝ ներկայիս 5 տոկոսից հասցնելով 7,5 տոկոսի:
Իսրայելի ֆինանսների նախարարության փորձագետները Intel-ի ներդրումն աննախադեպ են համարել իր մասշտաբներով:
Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ ողջունում է Իսրայելում օտարերկրյա խոշորագույն ներդրումը, որը հսկայական ձեռքբերում կլինի Իսրայելի տնտեսության համար:




























