Կառավարությունը դեռ համարժեք ձեւով չի արձագանքել Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքներին, որի տակ շարունակում են թաղված մնալ մի քանի ավտոմեքենաներ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, հայտարարել է Ազգային ժողովի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Արդեն երեք օր է, ինչ մեր հինգ հայրենակիցները, որոնցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են, չեն գտնվել եւ համարվում են անհետ կորած»,-հայտարարել է Ս. Սաֆարյանը: Նրա խոսքով, այսօր Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել էին Արմեն եւ Մեխակ Սորսոuմատյան եղբայրների հարազատները` շուրջ հինգ տասնյակ մարդիկ: Նրանցից 2-ին ընդունել է «Ժառանգություն» խմբակցությունը:
«Բարեկամները մարդկայնորեն հասկանալի մտահոգություն ունեն անհետ կորածների համար, փափագում են հնարավորինս շուտ տեսնել իրենց հարազատներին, ըստ այդմ` ցանկանում են արագացված տեսնել փրկարարա-որոնողական աշխատանքները սողանքի գոտում»,-ասել է Սաֆարյանը:
Նրա խոսքով, իր գործընկեր Լարիսա Ալավերդյանը զանգահարել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանին` նրան փոխանցելով հարազատների մեկ այլ առաջարկ. բջջային կապի օպերատորների միջոցով գոնե հնարավորինս լոկալիզացնել կորածների հնարավոր գտնվելու վայրը, ինչը թույլ է տալիս ժամանակակից գիտությունը եւ տեխնիկան: Նրանց պատասխանել են, որ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է ՀՀ ԱԻ նախարարության հետ, եւ տարվում են նաեւ այդ աշխատանքները:
«Այնուամենայնիվ, պետական-կառավարական մակարդակով համարժեք արձագանքը չի տրվել: Ես կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին եւ կառավարությանը, թեպետ ուշացումով, բայց հոգեբանական եւ այլ բնույթի աշխատանքներ տանել հարազատների հետ, որպեսզի նրանց վիշտը այս օրերին թեթեւանա»,-հայտարարել է Ս. Սաֆարյանը:
Վրաստանը առաջարկել է Հայաստանին օգնություն տրամադրել փրկարարական աշխատանքներում, սակայն հայկական կողմը հրաժարվել է եւ հայտնել, որ դրա կարիքը չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկության համաձայն, հոկտեմբերի 2-ին, ժամը 18։40-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած են համարվում`
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:




























