Եթե Հայ ազգային կոնգրեսը փորձում է խուսափել եգիպտական սցենարից, դա դեռ չի նշանակում, որ այդ սցենարը չի իրականանալու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե ինքը Հոսնի Մուբարաքից լավ տղա է, ես եմ ասում, այդպես չէ: Եթե Գալուստ Սահակյանին թվում է, թե ինքը Հոսնի Մուբարաքից լավ տղա է, ես եմ ասում. այդպես չէ: ՀԱԿ-ը խուսափում է եգիպտական սցենարից, բայց Եգիպտոսում էլ կային այդպիսի ուժեր, որ խուսափում էին նման սցենարից, բայց ցավոք, Մուբարաքը չլսեց այդ ուժերին եւ արդյունքում ստացան այն ինչ ստացան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա անդրադարձավ հասարակության այն շերտին, ովքեր չեն հավատում ՀԱԿ-ի ու հեղափոխության հաղթանակին, նշելով. «Երբ մենք ժամանակին սկսում էին «1+1»-ի գործընթացը, ոչ ոք չէր մտածում, որ լինելու է 2008 թվական: Մենք գիտեինք, որ լինելու է: Երբ 2008-ին եղավ «մարտի 1», ոչ ոք չէր մտածում, որ լինելու է համաժողովրդական հզոր պայքար, բայց մենք գիտեինք, որ լինելու է: Այսօր էլ շատերին թվում է, որ իշխանափոխությունն անհնար է, բայց մենք գիտենք, որ դա լինելու է»:

«Շատ են ասում, որ մարդիկ հոգնել են պայքարից: Բայց ովքեր կասեն, որ հոգնել են, ուրեմն նրանք վատ ծնող են, վատ մարդիկ են, քանի որ չի կարելի չսիրել սեփական երեխային եւ նրա ապագան:

Մեր շուրջօրյա ակցիան արդեն տվել է հեղափոխական արդյունքներ: Մենք հաղթահարել ենք հայ տղամարդու սեփական ոտքի տակը մաքրելու հազարամյա «զապադլոն»: Ես ամեն օր վեր եմ կենում եւ մաքրում Ազատության հրապարակը, իմ երկիրը: Մենք ոչ միայն ֆիզիկապես, այլեւ քաղաքական ու բարոյական աղբից ենք մաքրելու երկիրը»,- իր խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը: