Հայաստանը լավագույնն է իրագործման արդյունքներով 25 երկրների շարքում, որտեղ  «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամը» ծրագրեր է իրականացնում: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր` հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնը:

Ինչպես NEWS.am-ի տեղեկացրեցին նախագահի մամուլի ծառայությունում, զրուցակիցները կարեւորել են անցած հինգ տարիներին «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, որն ուղղված է հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, զարգացման եւ կենսական այլ խնդիրների լուծման միջոցով բազմաթիվ համայնքներում գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը: Նախագահը նշել է, որ տարեսկզբին ծրագրի մասին առիթ է ունեցել խոսելու նաեւ Հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ հանդիպմանը, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է ծրագրի արդյունավետությունը:

ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը գոհունակությամբ է նշել, որ 25 երկրների շարքում, որտեղ Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում, Հայաստանը լավագույնն է իրագործման արդյունքներով: «Պարո´ն նախագահ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել մի նախաձեռնության ավարտին, որի արդյունքներով բավարարված եմ: Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես մեծապես տպավորված եմ այստեղ իմ տեսածով: Ես առիթ եմ ունենում շատ երկրներ այցելել եւ կարող եմ ասել, որ այստեղ տեսնում եմ մի երկիր, որը դինամիկ եւ հստակ ուղղությամբ է զարգանում»,-ասել է Փաթրիք Ֆայնը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է համակողմանի զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ շարունակել արդյունավետ համագործակցությունը: Նախագահի խոսքով, ՀՄՀ ծրագրի շրջանակներում զգալի աշխատանք է իրականացվել, սակայն գյուղական շրջանների զարգացման համար դեռեւս շատ անելիքներ կան, որի ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել ջանքերը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: