Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստանում է իշխանության գալու դեպքում կառուցել մերիտոկրատիա` արժանիների պետություն:
Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում:
«Մենք ստեղծելու ենք մերիտոկրատիա, արժանիների պետություն, այսինքն պաշտոն է ունենալու նա, ով ունի արժանիքներ, որտեղ մարդիկ պաշտոն են ստանում միայն իրենց անձնական արժանիքների շնորհիվ: Այդպիսի երկիր եղել է Չինաստան, որը ամենադասական մերիտոկրատիկ պետությունն է»,- ասաց նա:
ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, ինքը երբեք պաշտոնի շուրջ գործարքների չի գնացել եւ չի գնալու երբեք:
«Շատերին է հետաքրքրում, թե ինչ կադրային քաղաքականություն է վարելու ՀԱԿ-ը, երբ գա իշխանության: Նախ ասեմ, որ ՀԱԿ-ը, իսկ դրանից առաջ իմ նախընտրական դաշինքը գործարքի վրա հիմնված չի եղել: Ընտրություններից առաջ ես հանդիպումներ ունեցա գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ, որ կարողանանք միասնական թոթափել ավազակապետական լուծը, որը մեզ հաջողվեց ոչ ամբողջապես:
Այդ բանակցությունների ընթացքում, ՀԱԿ-ի կուսակցություններից ոչ մեկը պաշտոնի հարց չի բարձրացրել, բացառությամբ երկու հոգու, որոնցից մեկն այդպես էլ չմիացավ շարժմանը, իսկ մյուսը, մասամբ միացավ, բայց հետո չստորագրեց ՀԱԿ-ի ստեղծման հռչակագիրը: Նրանք ուղղակի գործարք էին առաջարկում: Ես այդպիսի գործարքի չեմ գնացել եւ չեմ գնա: Դա իրենց ոճն է, որի ամենացցուն օրինակը ԱԽՔ-ի օրինակն է, ով մարտի 1-ից մեկ օր առաջ գնաց գործարք կնքեց Սերժ Սարգսյանի հետ, դրանով ավելի ամրապնդելով նրա դիրքերը, 16 տոկոս ավելացնելով նրա օգտին, որից հետո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համարեցին, որ լեգիտիմ են եւ կարող են գնդակոծել ժողովրդին»,- ասաց նա:
«Ինչ իշխանություն էլ գա, ինչ-որ պահի չի բավարարելու ձեր պահանջները: Բայց եթե մենք կարողանանք, եւ դա հաջողվելու է, անցկացնել արդար ընտրություններ, դուք հնարավորություն եք ունենալու ընտրություններով ազատվել մեզանից: Ահա այսպիսի երկիր եմ ես երազում»,- ընդգծեց ՀՀ առաջին նախագահն ու իր խոսքն ամփոփեց հայտնի ասույթով. «Ժողովրդավարությունը, ոչ թե լավ կառավարելու, այլ վատ իշխանությունից ազատվելու գործիք է»: Հենց այդ գործիքն է, որ չենք կարողանում գործադրել»:




























