Լիբանանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն եւ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ  ասել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին:

Ինչպես NEWS.am-ի տեղեկացրեցին նախագահի մամուլի ծառայությունում, Սերժ Սարգսյանը  նշել է, որ հայ ժողովուրդը նրան ճանաչում է որպես բարեկամի: «Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրել: Մեզ միավորում են ինչպես մեր պատմամշակութային ընդհանրությունները, այնպես էլ հայ համայնքի առկայությունը Լիբանանում: Այդ հարաբերությունները մշտապես պահպանվել ու ամրապնդվել են բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, եւ մենք Ձեր այցը դիտում ենք այդ համատեքստում»,- ասել է Սարգսյանը` խնդրելով նախագահ Միշել Սուլեյմանին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, նաեւ` Հայաստան այցի հրավերի վերահաստատումը:

Իր հերթին Լիբանանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ 14 տարի հետո կրկին այցելելով Հայաստան, զգալի փոփոխություններ ու առաջընթաց է տեսնում ու համոզված է, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում: Նաբիհ Բըրրին կարեւորել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այդ հարցերին եւս անդրադարձ է եղել, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի ԱԺ նախագահն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նաբիհ Բըրրին համոզմունք է հայտնել, որ աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ խնդիրները կարգավորել առանց երկխոսության:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` Լիբանանի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն:

ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված, Նաբիհ Բըրրին վերահաստատել է դեռեւս 1997 թ. Հայաստան կատարած իր այցի ժամանակ ասածը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: