Քսան տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ոչ մի դեսպան իրեն թույլ չի տվել արտահայտվել այնպես, ինչպես Գերմանիայի դեսպանը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական բյուրոյի անդամ Դավիթ Շահնազարյանը` մեկնաբանելով Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտի` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին հայտարարությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ Շմիդտը հայտարարել էր, թե Հայաստանում ներկայիս բարդ իրավիճակը Տեր-Պետրոսյանի կողմից թողնված ժառանգության արդյունք է:
Այս առնչությամբ, Դավիթ Շահնազարյանը կարդացել է ՀԱԿ-ի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը վերջերս «Սիվիլիթաս» կազմակերպությունում իր՝ դեսպանի կարգավիճակին անհարիր արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի ընդդիմության, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։ Երեկ էլ նա հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որում ոչ միայն կրկնում է նույն արտահայտությունները, այլեւ պնդում է, որ ճիշտ է վարվել։
2. Կոնգրեսն առաջին դեպքից հետո զերծ էր մնացել այդ կապակցությամբ որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ դա համարելով դեսպանի կողմից մի մարդկային պատահական պարզ սայթաքում, ուշադրության անարժան փաստ։ Սակայն դեսպանի համառությունը ցույց է տալիս, որ դա պատահականություն չէ, այլ միտում, ինչը տվյալ դեպքում դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից։
Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում ոչ մի օտարերկրյա դեսպան այդօրինակ հրապարակային պահվածք չի դրսեւորել։
3. Ակնհայտ է եւս մի հանգամանք. դեսպանի քննադատությունը զարմանալիորեն միակողմանի է՝ ուղղված միայն ընդդիմության եւ նրա առաջնորդի դեմ։ Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին երբեւէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչը, արդեն, իրոք դեսպանի կոչումն ու պարտականությունն է։
4. Գերմանիայի դեսպանի այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին։ Այս փաստի վրա հրավիրում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ուշադրությունը։ Վստահ ենք, որ դեսպանի պահվածքը չի արտահայտում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը եւ թելադրված է այլ դրդապատճառներով»:
«Սկզբում մենք կարծում էինք, թե նման հայտարարությունը պատահականություն է, սխալմունք: Սակայն հետո հավաստիացանք, որ նման գնահատականը մտածված է: Դիվանագետի կողմից նման վարքագիծն անթույլատրելի է: Հուսով ենք, որ դեսպանի գնահատականը չի համընկնում Գերմանիայի կառավարության դիրքորոշման հետ»,-հայտարարել է Դ. Շահնազարյանը:




























