Պարսից ծոցի հարավային ափին գտնվող 8 հարեւան երկրների, ինչպես նաեւ Իրանի եւ Իրաքի արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, նախաձեռնությամբ, հայտնել է Իրանի ԱԳ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարը, ավարտելով Կատար, Օման, Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր շրջագայությունը, ասել է, որ լավ նորություններ կլինեն Ծոցի երկրների հետ տնտեսական եւ առեւտրային համագործակցության վերաբերյալ։
Հինգշաբթի Ամիր Աբդոլլահիանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ Աբու Դաբիում նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության ընդլայնման ուղիները։
Ավելի ուշ նա հանդիպել է էմիրաթցի իր գործընկեր շեյխ Աբդուլլահ բեն Զայեդի հետ։ Քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, տարածաշրջանային զարգացումները եւ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, երկու բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են երկու հարեւանների միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Քննարկվող հարցերի թվում են եղել Իրանի եւ ԱՄԷ-ի համագործակցության ոլորտները քաղաքական, տնտեսական, առեւտրային, հյուպատոսական, մշակութային եւ գիտական բնագավառներում, հաղորդում է Press TV-ն։
«Տնտեսական եւ առեւտրային համագործակցության շրջանակներում մենք ապագայում շատ լավ նորություններ կունենանք մեր սիրելի ժողովրդի եւ այս չորս երկրների ժողովուրդների համար»,- Պարսից ծոց կատարած շրջագայության ավարտին ասել է Ամիր Աբդոլլահիանը։
Մարտին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնման մասին կնքված համաձայնագիրը տարիների տեւած դադարից հետո հանգեցրել է տարածաշրջանային համագործակցության կտրուկ փոփոխությունների։
Այցի ընթացքում Իրանն ու ԱՄԷ-ն պայմանագիր են ստորագրել նաեւ երկու երկրների միջեւ օդային տրանսպորտի ծառայությունների ընդլայնման եւ առեւտրի ու զբոսաշրջության հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ։




























