«Վագներ» ՄՌԿ ուժերը Վորոնեժի մոտ խոցել են ԻԼ-22 ինքնաթիռը, իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է «Առաջին ալիքի» զինվորական թղթակից Իրինա Կուկսենկովան։

«Ինքնաթիռում 10 մարդ է եղել։ Երբ Պրիգոժինին արդեն ՀՌՇ-ում հարցրել են՝ ինչո՞ւ, չէ՞ որ այդ ինքնաթիռը հարվածներ չի հասցնում, այլ ուրիշ գործառույթներ ունի, նա ասել է․ դե ստորաբաժանման հիմար ՀՕՊ-ականը թռչող ամեն բան խփում էր․․․

Պրիգոժինը համաձայնվել է 50 մլն ռուբլի փոխհատուցում վճարել զոհված օդաչուների հարազատներին»,- նշել է Կուկսենկովան։

«Մեդուզա» պարբերականի հաղորդմամբ, երեկ՝ հունիսի 24-ի կեսօրին մոտ, երբ «Վագներ» ՄՌԿ-ի խմբերը շրջանցող ճանապարհով  անցնում էին Վորոնեժի մոտով, հարձակման են ենթարկվել ՌԴ Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հարվածային ուղղաթիռների կողմից։

«Ոչնչացվել է առնվազն մեկ բեռնատար (հայտնի չէ, պատկանել է, արդյոք, այն ՄՌԿ-ին)։ Վարձկաններն իրենց ՀՕՊ համալիրներից  պատասխան կրակ են բացել ուղղաթիռների վրա և խոցել են դրանցից մեկը Բաբյակովոյում (Վորոնեժի արվարձան)։ Հաղորդվում է ևս երկու խոցված ուղղաթիռի մասին (հաստատված է միայն մեկի ոչնչացումը)»,- գրում է «Մեդուզան»։

Տեղեկացվում է, որ հրթիռներից մեկը (հավանաբար վագներցիների ՀՕՊ-ից արձակված) պայթել է գետնի վրա․ վնասվել է Վորոնեժի ծայրամասում գտնվող նավթաբազան։ Եվս մեկ արկ պայթել է բնակելի թաղամասի բակում։

Բացի այդ հրապարակվել է կործանված Կա-52 ուղղաթիռի լուսանկարը, ինչպես պնդում են, Վորոնեժից 120 կմ հարավարևելքում։ Եվս մեկ  Կա-52 ուղղաթիռի հաջողվել է խուսափել հրթիռի հարվածից անմիջապես Վորոնեժում։