Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը կներկայացնի Բելգիան ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, որը նախատեսված է երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոսը երկրի Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է 7SUR7-ը։
Նա նշել է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վերջին զարգացումները։
«Կարևոր է, որ մեր երկիրը ներկայացված լինի այս հանդիպմանը, որտեղ պետք է որոշվի եվրոպական դիրքորոշումը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դատարկ աթոռի քաղաքականություն վարել»,- ասել է երկրի վարչապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։
Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։




























