Հայաստանում ժամկետային ծառայության հայտ կունենան նաեւ իգական սեռի 18-27 տարեկան անձինք։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, հունիսի 26-ին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Բանակում ծառայությունը կանանց համար, ըստ նրա, կիրականացվի կամավոր հիմքով։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ծառայության ժամկետը կանանց համար կկազմի ընդամենը 6 ամիս։ Դրանից հետո նրանք կստանան 1 մլն դրամի միաժամանակյա վճար։ Ժամկետից շուտ զորացրվելու դեպքում՝ առողջական վիճակի հետ կապված, գումարը կբաժանվի ամիսների վրա։ Բացի այդ, զինծառայողները կստանան որոշակի աշխատավարձ նաեւ ծառայության ընթացքում։ Այնուամենայնիվ, վճարման չափը դեռ սահմանված չէ։ Այն, ըստ պլանի, պետք է հաշվի առնի նվազագույն սպառողական զամբյուղը։ «Բանակ զորակոչված կանայք կգործուղվեն զորամաս առանց վիճակահանության եւ այլ զորամասեր տեղափոխվելու հնարավորության»,- ավելացրել է նախարարը։

Բացի այդ,  կկառուցվի հատուկ զորանոցային շինություն ուսումնական զորամասերից մեկի կազմում։ Այստեղ կտեղակայվի կանանց վաշտը։ Վաշտի հիմքի վրա կստեղծվի  կանանց գումարտակը՝ կանանց գնդի կազմավորման հեռանկարով։ Հրամանատարական կազմում նույնպես կանայք կլինեն։

Պապիկյանը նշել է, որ ծառայությունն ինքնատիպ հիմք կհանդիսանա կանանց պահեստում հավաքագրելու համար։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում նրանց նորից կարող են կանչել ծառայության։

Խորհրդարանի կողմից այս օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում բանակում կանանց ծառայությունը կարելի կլինի սկսել ընթացիկ տարում, ձմեռային զինակոչի ժամանակ։