Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նոր` 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Այս մասին Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին, հաղորդում է «GHN»-ը:
Նախարարի խոսքով` մնացել է կառուցել 14 կմ էլեկտրագիծ, քանի որ Վրաստանում արդեն գոյություն ունեն մնացած ենթակառուցվածքները: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա, ըստ նրա, Հայաստանում պետք է կառուցվի 110 կմ երկարությամբ գիծ:
Միաժամանակ` նախարարը նշել է, որ Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման գիծը կշահագործվի 2012թ. մայիսին: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ եւս նման գիծ է կառուցվում` 500 կիլովոլտ հզորությամբ, որը նախատեսվում է գործարկել մինչեւ տարեվերջ:



























