Ղազախստանը նոր ջանքեր է գործարկել Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքում խցանումները վերացնելու ուղղությամբ՝ համաձայնության գալով Ադրբեջանի և Վրաստանի հետ համատեղ կառավարման և սեփականության ներքո լոգիստիկ ընկերություն ստեղծելու մասին, գրում է Eurasianet-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է անցյալ շաբաթ՝ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ավարտին։
Ընկերության ստեղծման նպատակը կլինի պարզեցնել Չինաստանի և Եվրոպայի միջև բեռնափոխադրման գործընթացը և պարզեցնել բիլինգի գործընթացը:
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կամ Միջին միջանցքի հեռանկարների հոռետեսական վերլուծությունը հաճախ վերաբերում է այն փաստին, որ բեռները պետք է հատեն բազմաթիվ պետական սահմաններ: Ադրբեջանա-վրաց-ղազախական լոգիստիկ ընկերությունը դիտվում է որպես այդ խոչընդոտը հաղթահարելու միջոց:
Աղբյուրը նշում է, որ ապրանքների անցման դյուրացման հարցում արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։
Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա անդրկասպյան ճանապարհով ապրանքների առաքման ժամանակը վերջին մեկ տարվա ընթացքում 53 օրից նվազել է մինչև 18-23 օր։ Նպատակը այս ցուցանիշն էլ ավելի կրճատելն է՝ մինչև 10-15 օր։
Թեև բեռների ֆիզիկական ծավալները համեմատաբար համեստ են, միտումը դրական է։ Տարեսկզբից մինչև հունիս բեռնափոխադրումների ծավալն ըստ քաշի երթուղու գերազանցել է 1 մլն տոննան, ինչը 64 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Բայց չնայած առաքման ժամկետները կարող են կրճատվել արդյունավետ համակարգման միջոցով, ծավալներն, առանց նոր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու, չեն կարող ավելացվել:
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գայդար Աբդիկերիմովը Eurasianet-ին բացատրել է, որ այն խոչընդոտը, որն առավելագույնս սահմանափակում է Կասպից ծովի տարանցիկ ներուժը, Հարավային Կովկասն է։ Նավահանգստի վատ ենթակառուցվածքը սահմանափակում է թողունակությունը և առաջացնում խցանումներ, ասաց նա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սմաիլովի հետ հանդիպման ժամանակ ընդունել է այս խնդիրը։
«Մենք համագործակցում ենք երթուղու խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնելու՝ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի և ընդհանրապես ասիական այլ երկրների համար», - ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաև հայտնել է, որ Վրաստանի իշխանություններն աշխատում են երկաթուղային ցանցի արդիականացման և նոր նավահանգիստ կառուցելու ուղղությամբ։
Սմայիլովի ճամփորդության ընթացքում բազմաթիվ այլ գործարքներ են կնքվել։ Ադրբեջանի հետ նրա ստորագրած 10 երկկողմանի համաձայնագրերից մեկը նախատեսում է երկու երկրների միջև թույլատրված թռիչքների թիվը շաբաթական 32-ից հասցնել 42-ի։
Աստանան ասում է, որ իր նպատակն է ավելացնել արտահանումն Ադրբեջան՝ երկկողմ առևտրի ծավալը հասցնելով 1 միլիարդ դոլարի՝ 2022 թվականին գրանցված 500 միլիոն դոլարի դիմաց:
Վրաստանում կնքված գործարքների թվում էր Բաթումի նավթային տերմինալի թողունակությունը մեծացնելու պայմանագիրը, որը պատկանում է Ղազախստանին և ապահովում է ղազախական նավթի մուտքը դեպի Սև ծովի շուկա։ Այս միջանցքը դիտվում է որպես Ղազախստանի ռազմավարության հատկապես կարևոր բաղադրիչ՝ նվազեցնելու նավթի արտահանման կախվածությունը Ռուսաստանի տարածքից:





























