Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանին: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկային եւ նշել, որ Ադրբեջանն ու Իրանը կարեւոր դեր են խաղում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման գործում:
«Տեղեկացնելով, որ Իրանի դատական եւ իրավապահ մարմինները լրջորեն հետաքննում են Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը, նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը հնարավորինս շուտ կվերսկսվի: Իր հերթին, Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողության մեջ մեղավոր անձինք կստանան իրենց արժանի պատիժը։ Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում առեւտրատնտեսական կապերի աճող դինամիկան, մտքեր են փոխանակվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ այդ երթուղու հետ մեկտեղ՝ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի եւ Ադրբեջանի Նախչիվանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցությունների վերաբերյալ: Որպես դրական փաստ գնահատվել է առաջիկայում երկու երկրների համապատասխան պատվիրակությունների հանդիպման անցկացումը»,-գրում են ԶԼՄ-ները։





























