ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, ամերիկյան անօդաչուի հարվածից Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը, մի քանի ժամ այն բանից հետո, երբ այդ նույն  MQ-9 Reaper ԱԹՍ-ները «գրոհի են ենթարկվել» ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից երկրի արևմտյան մասում, տեղեկացնում է The Associated Press-ը։

Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, ուրբաթ, երբ երեք ԱԹՍ-ները  զբաղված են եղել զինյալին որոնելով, դրանց մոտ երկու ժամ «հետապնդել են» ռուսաստանյան ինքնաթիռները։ Շուտով դրանից հետո անօդաչուները հարվածել և ոչնչացրել են ԻԳԻԼ-ի առաջնորդ Ուսամա ալ-Մուհաջիրին, որը մոտոցիկլետով շարժվում էր Հալեպի շրջանում, հայտարարել է Պենտագոնի աղբյուրը։

Պաշտոնյան ասել է, որ հարվածի ժամանակ ալ-Մուհաջիրը գտնվել է Սիրիայի հյուսիսարևմուտքում, թեև սովորաբար նա գործում էր արևելքում։

Առայժմ հայտնի չէ, ինչպես են ամերիկյան զինվորականները համոզվել, որ սպանվածն, իրոք, ալ-Մուհաջիրն է եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

ԱՄՆ  Կենտրոնական հրամանատարության կիրակնօրյա հայտարարության մեջ ասվում է, որ «տեղեկություններ չկան, որ հարվածի հետևանքով որևէ քաղաքացիական անձ է զոհվել»։