Հայաստանի ոստիկանությունն այս պահին մտադիր չէ ցրել ընդդիմության շուրջօրյա հանրահավաքներն Ազատության հրապարակում, քանի որ դրանք խաղաղ են, սակայն իրավապահների համբերությունը կարող է լցվել: Այդ մասին, Արարատում` կառավարության արտագնա նիստից հետո հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:

«Կոկա Կոլա» կամ «Պեպսի կոլա» չեմ տրամադրելու ընդդիմադիրներին, ես ապահովելու եմ հասարակական կարգը: Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Ո՞վ է ասել, որ ամիսներով պետք է վրաններ տեղադրեն, փակեն Ազատության հրապարակը: Ակցիան անցկացրեցիք 5 օր, 10 օր, հարկավոր է ազատել հրապարակը: Կարծում եմ՝ նրանք պետք է հետեւություն անեն եւ գործելաոճը փոխեն»,- ասել է Ալիկ Սարգսյանը եւ հավելել. «Ես կարծում եմ, սա ոչինչ չի տալիս: Կոնկրետ արդյունավետությունը չեմ տեսնում: Ոստիկանության քայլերն այս պահին ինչ-որ հայտարարում ենք, դա է, բայց մի օր երեւի թե մեր համբերությունն էլ կհատի: Մենք չենք կարող թույլ տալ, որ ամիսներ շարունակ այդ հրապարակում այդ վիճակը լինի: Ինձ կոնկրետ` որպես հայ մարդու, դա դուր չի գալիս»:

Ոստիկանապետը նաեւ հերքել է տեղեկությունները, թե ճանապարհները փակ են մարզերից եկողների համար: «Ես որպես ոստիկանապետ իրավունք ունեմ տիրապետել իրադրությանը եւ հասկանալ մայրաքաղաքի ու մարզերի տրանսպորտային շարժը, հսկողությունն ուժեղացվել է իրադրությանը տիրապետելու համար»,-ասաց ոստիկանապետը: